Այսօր` մարտի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում ի թիվս այլոց, քննարկվել են զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանը, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշում է կայացվել ստեղծել զորակոչիկների կցակայման միասնական համակարգ: «Օրեցօր հայկական բանակում ավելանում են պայմանագրային զինծառայողները: Մասնավորապես անցած մեկ տարում նրանց քանակն ավելացել է 2 հազարով, եւ այս միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում: Պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին սա շատ կարեւոր քայլ է, որը նաեւ զբաղվածության խնդիր է լուծում»,- ասաց նա:


























