«Ալեն-էլեն» ակումբի նախկին սեփականատեր Վլադիմիր Բեջանյանն առաջիկայում կհրապարակի փաստեր, որոնցով կհիմնավորի, որ իր հետ կապված վերջին միջադեպը, ոչ թե դժբախտ պատահար կամ պատահականություն էր, այլ իր դեմ կատարված մահափորձ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝  Վլադիմիր Բեջանյանը:

Նա նշեց, որ իր հետ կատարված վերջին միջադեպից հետո գործարար Սամվել Մայրապետյանը ոչ հանդիպել է իրեն, ոչ էլ փորձեր է արել, սակայն ինքը լուրջ փաստեր է հավաքել: «Նա այնքան հզոր անձնավորություն է, որ իրենց թվում էր, թե գնացքը կարող է  գնալ այնպես, ինչպես իրենք են ուզում, բայց դա նրանց չի հաջողվի: Առաջիկայում եւս կհրապարակեմ իմ փաստերը, որով կհիմնավորվի, որ իմ դեմ մահափորձ է կատարվել»,- ասաց Վլադիմիր Բեջանյանը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ալեն-էլեն» ակումբի նախկին սեփականատեր, Աբովյան 3 շենքի սեփականատեր Վլադիմիր Բեջանյան հինգշաբթի օրը վնասվածքներ է ստացել եւ կասկածներ ունի, որ դա պատահականություն չէ:  Մոտավորապես 30 մետր բարձրությունից բետոնի մեծ կտորները թափվել են նրանից կես մետր հեռավորության վրա եւ վնասել Բեջանյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը՝ Վլադիմիր Բեջանյանը, ով վայր է ընկել ստանալով ուղեղի ցնցում եւ ողնաշարի սալջարդ: «Բարեբախտաբար ես ողջ եմ, բարեբախտաբար վնասվածքները թույլ են»,-ասել էր նա: Հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ կատարվածը պատահականություն չի եղել, նա պատասխանել էր. «Արդեն մեկ տարվա դատական գործընթաց է ընթանում, որոնք ապացուցում են, որ Սամվել Մայրապետյանը Հայաստանի տերն է:  Պայքարում եմ որպեսզի դադարեցվի «ԱՕՔՍ»-ի հետնամասում կատարվող շինարարությունը։ Իսկ այդ շինարարությունն իրականացնում է գործարար Սամվել Մայրապետյանը: Ես 100 տոկոսով չեմ կարող պնդել, որ դա մահափորձ է, բայց, որ իրավունք ունեմ պնդելու, որ ինքը ուրախ կլիներ, եթե ես չլինեի, դա միանշանակ է»:

Նա հանցագործության մասին հաղորդում է տվել: Հանգամանքներն ուսումնասիրվում են: