Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած, ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, գտնվելով հետբուժական արձակուրդի մեջ, շարունակում է իր ծառայությունը զինված ուժերում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը` Էմիլ Բուդաղյանն ասաց, որ որդին մեկ շաբաթ առաջ է եկել Գորիս, առողջական վիճակը նորմալ է, բժիշկներ կան իր հետ, իսկ հետբուժական արձակուրդը, որից ինքը չօգտվեց, կլրանա օգոստոսի վերջին:
Հայրը նրան անընդհատ հորդորում է գալ Գորիս, հանգստանալ, սակայն ապարդյուն: Էմիլ Բուդաղյանը նշեց, որ որդին գործի քննությունից տեղյակ չէ, քննիչը ամեն ինչ հայտնում է փաստաբանին: «Իրեն առաջադրված մեղադրանքը հիմարություն էր, ուրիշ ոչ մի բան: Գործ չեն անում, այսինքն` ուզում են նրան արդարացնել, թե ինչն են արդարացնում, գլուխ չեմ հանում, ոչ թե Տիգրան Խաչատրյանին, այլ Լիսկային, իսկ Արտակին մեղադրանքը ներկայացրել են հավասարակշռություն պաշտպանելու համար»,- ասաց նա:
Բուդաղյան եղբայրների հայրը շեշտեց, որ գործի քննությունը կախված է ղեկավար մարմնի տրամադրություններից, իսկ առայժմ սպասողական վիճակ է: Նա իր հույսը կապում է քննիչի բանականության եւ իրենց փաստաբանի հետ: «Եթե նախագահի հետ հույս կապելու լինեի, հիմի պիտի գործը վերջացրած լինեին: Եթե երկրի ղեկավարությունը նախկին մարզպետի կողքին չլիներ կանգնած, նա հիմի պետք է նստած լիներ»,- ասաց հայրը:
Նա նշեց, որ Ավետիք Բուդաղյանի երեխաները նորմալ են, անընդհատ հարցնում են հորից. «Էն ամենապուճուրը չի հասկանում` ինչ է կատարվել, մնացածը հասկացել են, ասում է` պապան կորել է, թե չէ: Չի հասկանում, փոքր է, ոչինչ չենք ասում»,-ասաց Էմիլ Բուդաղյանը:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:





























