Հանրային խորհրդի անդամ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ դատարան հայց չի ներկայացնելու իրեն աշխատանքից ազատելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արտյուշա Ղուկասյանը:

Նա նշեց, որ դեռեւս նորություն չունի իրեն հայտարարված նկատողությունից հետո նախագահին եւ վարչապետին ուղարկված նամակներից: «Սպասում եմ մի քիչ ամառը անցնի, աշխատանքային չէ տրամադրությունը, դեռ նորություն չունեմ»,- ասաց նա:

Արտյուշա Ղուկասյանն ասաց, որ ժամանակին մտածում էր դատարան դիմելու մասին, սակայն հետո միտքը փոխեց եւ կարծում է, որ դա ավելորդություն է, հետեւաբար` չի դիմի դատարան: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ համաձայն չէ իրեն հայտարարված նկատողության հետ եւ իր համար մինչեւ հիմա անհայտ է նկատողություն հայտարարելու պատճառները:

«Դուք էլ շատ հետաքրքիր ժողովուրդ եք, մի անգամ նախարարին հարցրեք, որպեսզի դուք էլ իմանաք, ես էլ իմանամ պատճառը: Այդքան լրագրողներով այսպես, այնպես խոսում եք, բայց ոչինչ չեք անում»,-ասաց նա` շեշտելով, որ միակ մարդը, ով գիտի իրեն նկատողություն հայտարարելու պատճառը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Նա «մեղադրեց» լրագրողներին նախարարին խնայելու մեջ եւ նրան այս թեմայով չանհանգստացնելու համար: Ի դեպ, նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո NEWS.am-ի թղթակիցը փորձել է Արմեն Աշոտյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նախարարն ասել է, որ այս գործի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չի տալու:

Դիտարկմանը, թե մի կողմից անօրինական եք համարում ձեզ աշխատանքից ազատելը, մյուս կողմից էլ չեք պայքարում, օրինակ` դատարան չեք դիմում, նա նկատեց. «Որտեղից գիտեք` ես չեմ պայքարում, երբ արդյունք կլինի, կասեմ: Դուք էլ աշխատեք, դուք չեք աշխատում»: Ինչ վերաբերում է ԲՈՀ նախկին ղեկավարի աշխատանքի հրավերներին, Արտյուշա Ղուկասյանն ասաց` «երբ կլինի, տեղյակ կպահեմ»:

Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Դրանից հետո  Հանրային խորհրդում քննարկվել է ՀԽ անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժին: Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, եւ իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է  նաեւ ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին եւ Քաղծառայության խորհրդի նախագահին: Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը եւ գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ:

Հանրային խորհրդի որոշումից հետո հետեւել է նախարարի հրամանը` նրան աշխատանքից ազատելու մասին: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից: