Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագոտի, որտեղ եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանն առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների եւ սպաների հետ: Նա գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել զինվորների ֆիզիկական պատրաստության ասպարեզում, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Նախարարը ծանոթացել է նաեւ սպաների համար կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների ընթացքին:

Հաջորդ օրը` օգոստոստի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որին ներկա էին նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Մովսես գյուղի բնակիչներ:

Միջոցառման սկզբում հյուրերը ներկա են գտնվել Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրու բացման արարողությունը:

Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթ ունենալով, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ Մովսես գյուղի բնակիչները կարող են համոզված լինել, որ իրենք այսօր միայնակ չեն. «Նրանց թիկունքում են իրենց բոլոր համագյուղացիները, այդ թվում նաեւ նրանք, ովքեր գտնվում են արտասահմանում, այնտեղ հաջողությունների են հասել եւ դրա հետ մեկտեղ աշխատում են օգտակար լինել իրենց հարազատ գյուղին»:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը Մովսես գյուղի մի շարք ազատամարտիկների պարգեւատրել է գերատեսչական մեդալներով:

Այնուհետեւ պաշտպանության նախարարն առանձնազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում նշել է, որ ՊՆ-ն ավելացնելու է սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողների թիվը, քանի որ դրանով, բացի  պաշտպանությունից, նաեւ սոցիալական խնդիրներ են լուծվում: «Իսկ սահմանների ինժեներական սարքավորման աշխատանքները լինելու են շարունակական, բանակը լինելու է զգոն, որպեսզի մարդիկ միշտ վստահ լինեն, որ մենք իրենց կողքին ենք»: