Ռուսաստանը մտադիր չէ միավորել իր գազատար «Հարավային հոսք» նախագիծը պոտենցիալ եվրոպական մրցակից Nabucco-ի հետ: Այդ մասին մարտի 15-ին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն՝ մեկնաբանելով իտալական Eni ընկերության ղեկավար Պաոլո Սկարոնիի համապատասխան գաղափարը:

«Մենք որեւէ կերպ չենք քննարկում այդ գաղափարը: Մենք ուժեղ ենք, քանի որ եւ գազ ունենք, եւ փաստացի, բոլոր անհրաժեշտ լուծումները, որ պետք են այդ գազատարի շինարարություն սկսելու համար, արդեն ընդունված են: Այդ պատճառով էլ մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կարող է Nabucco նախաֆգիծը մրցակցել մեզ հետ»,- ըստ «Վեդոմոստիի» ասել է Շմատկոն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Eni-ի՝ «Հարավային հոսքի» հավասար բաժնետերերից մեկի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին առաջարկել է միավորել երկու գազատարները ծախսերը կրճատելու նպատակով:

«Հարավային հոսքը» նախատեսվում է կառուցել 2013թ.: Գազատարը անցկացվելու է Սեւ ծովի հատակով մինչեւ Բուլղարիա, որտեղից այն երկու ճյուղի կբաժանի՝ Հունաստոնվ Իտալիա եւ Սերբիայով ու Հունգարիայով Ավստրիա: