«Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահ, ռազմական ոստիկանության Արմավիրի բաժնի նախկին պետ Գրիշա Սարգսյանը առաջիկայում հնարավոր է պիկետների եւ նստացույցերի միանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահ Գրիշա Սարգսյանը` հայտնի «Ժարիտ Գրիշ» մականունով:
Նա հիշեցրեց, որ 2006թ-ից ԱԺ է ներկայացրել ազատամարտիկների մասին սոցփաթեթը եւ պայքարելու են, որ այն ընդունվի: «Իսկ, եթե սոցփաթեթով բանով չընդունվի, ազատամարտիկները մինչեւ վերջ պայքարելու են: Նրանք քաղաքական շահարկումների չեն ենթարկվում: Կան որոշակի ազատամարտիկներ, որոնք քաղաքական հոսանքի տակ պարում են, բայց մենք նման հարցերի չենք խառնվում: Ես այդ հարցում հետեւողական եմ»,- ասաց Գրիշա Սարգսյանը:
Հարցին, թե ինչով են տարբերվում իր եւ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությունները, նա ասաց, որ երկուսն էլ ազատամարտիկների մասին են մտածում: «Մանվելը իր տեսակով ա մտածում, ես՝ իմ: Իրենք ԵԿՄ-ի մասին օրենքը ներկայացրեցին: Այդ օրենքը ծառայում է ԵԿՄ-ին: Չնայած ազատամարտիկների մասին էլ կետ կա: Ես ողջունում եմ Մանվելին, որ նա իր թիմի, «կամանդի» մասին մտածում է , իսկ ես մտածում եմ ամբողջ ազատամարտիկների համար ու հետեւողական եմ լինելու, որ իմ ներկայացրած օրենքի սոցփաթեթը ընդունվի»,- արձագանքեց Գրիշա Սարգսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Հանրապետության բոլոր վայրերում ազատամարտիկներին իրազեկում են իրենց նախաձեռնած օրենքի մասին, որից հետո կանցնեն հիմնական միջոցներին, ընդհուպ ակցիաների, պիկետների եւ նստացույցերի:





























