Եթե Վրաստանի իշխանությունները ցանկանում էին Վրաստան տարածք ռուսական զորքերի ներխուժման մասին սկանդալային սյուժեն ցուցադրել՝ հարձակման դեպքում բնակչության զգոնությունը ստուգելու նպատակով, նրանք պետք է դա անեին շատ նուրբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունները պետք է մշակվեն շատ մանրամասն՝ խուսափելու ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում բացասական արձագանքներից: Պատգամավորը հիշեցրել է, որ նման դեպք էլ տեղի է ունեցել Հայաստանում 1993թ., երբ «Հայլուր» ծրագրի եթերում հայտարարվել էր, թե Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վատացել է, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ երկրի ղեկավարի պարտականությունները կատարում է փոխնախագահ Գագիկ Հարությունյանը: Այդ «կատակից» հետո «Հայլուր» ծրագիրը փակվեց:

Հիշեցնենք, որ շաբաթօրյա եթերում «Իմեդի» հեռուստաընկերությունը լուր էր տարածել «ռուսական զորքերի ներխուժման եւ նախագահ Սահակաշվիլիի մահվան մասին»: Երկրի բնակիչների մեծ մասը չէր տեսել համապատասխան զգուշացումը եւ երկրում խուճապ էր սկսվել: