Արարատյան դատավայրի մի քանի այգիներում, ինչպես նաեւ Էջմիածնի տարածաշրջանում հայտնաբերվել է խաղողի ֆիլոքսերա հիվանդությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը` ավելացնելով, որ եթե չկանխվի վտանգավոր հիվանդությունը, ապա այն շատ արագ կարող է տարածվել։

«Չեմ կարծում, որ խնդիրն այսօր ծարահեղ փուլում է, սակայն անհրաժեշտ է արագ համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ ֆիլոքսերան երեք-չորս տարում կարողանում է ամբողջովին վերացնել խաղողի վազը»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է շատ արագ խաղողի այդ տարածքներից ազատվել, ինչը թույլ կտա կանխել հիվանդության տարածումը։

Ըստ նրա՝ հիվանդության արագ տարածմանը կարող է նպաստել նաեւ այս տարվա մեղմ ձմեռը։ «Ցավոք ձմեռն այս տարի բավական մեղմ էր, իսկ սառը ջերմաստիճանի դեպքում հիվանդությունը վերանում է»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ խաղողի թփերի բացվելուն պես, կպարզվի հիվանդության տարածման մասշտաբները: ԵԿԳ գործադիր տնօրենը նշեց նաեւ, որ իրենք արդեն համագործակցում են Գինեգործների միության հետ, որպեսզի խնդրի լուծման տարբերակ գտնվի։