Եթե մի քանի քաղաքական ուժեր միավորվել են կառավարող կոալիցիայի մեջ, նրանք պետք է գործեն ձեւավորված կանոններին եւ դուրս չգան կոռեկտության սահմաններից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների վիրավորական արտահայտությունները էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին:
Նա ընդգծել է, որ նախարարների գործունեության գնահատականը պետք է տան նախագահն ու այն կուսակցությունը, որի կողմից ներկայացվել է նախարարը, տվյալ դեպքում՝ Հանրապետական կուսակցությունը: «Կարծում եմ, որ ներկայումս ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի առջեւ արտաքին մարտահրավերներ են ծառացած, իսկ սոցիալական իրավիճակը սրվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, չի կարելի ավելորդ լարել վիճակը անտեղի հայտարարություններով»,- ասել է հանրապետականը:
Նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն հայտարարել էր, թե Ներսես Երիցյանն «իր տեղում չէ, չի հասկանում տնտեսությունից եւ չի վերահսկում երկրի տնտեսական իրավիճակը»:
Ավելին, Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահը գիտի այդ մասին եւ համապատասխան քայլեր կձեռնարկի:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Էկոնոմիկայի նախարարը նշել է. «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա „Բարգավաճ Հայաստան“ կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի նախագահն ու վարչապետը»:
Ի պատասխան՝ ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ներսես Երիցյանի պես նախարար ունենար, նրան վաղուց պաշտոնանկ կաներ:


























