Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, որը տեղի է ունենում Խորվաթիայի Ռիեկա քաղաքում, կայացել է 9-րդ տուրը: Այս տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաղթել է սերբ Բոյան Վուչկովիչին: Այդ խաղից հետո Հակոբյանն ունի 7 միավոր եւ 7 շախմատիստների հետ կիսում է 2-8-րդ տեղերը: Իսկ առաջնության առաջատարը 7,5 միավոր վաստակած ռուս Յան Նեպոմնյաշչին է, ով կարողացել է հաղթել մրցաշարային աղյուսակը մինչ այդ գլխավորող Բաադուր Ջոբավուին:
Հերթական տուրում անհաջող է հանդես եկել Հրանտ Մելքումյանը, թեեւ մինչ այդ նա վատ չէր հանդես գալիս: Մելքումյանն այս պահին ունի 6 միավոր: Նույնքան միավորներ ունեն նաեւ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը:
Շարունակում է հաջող հանդես գալ Լիլիթ Գալոյանը, ով 9-րդ տուրում հաղթել է մեկ այլ հայ շախմատիստուհու` Էլինա Դանիելյանին: Հաղթանակ են տոնել նաեւ Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը, որոնք ունեն համապատասխանաբար 5 եւ 4,5 միավորներ:
Աղյուսակը գլխավորում է Լիտվան ներկայացնող Վիկտորիա Ցմիլիտեն` 7,5 միավորով:



























