Ալբիոնին սպառնում է խիստ կախվածություն ալկոհոլից ու թմրանյութերից: Այս, մեղմ ասած ոչ նախանձելի ոլորտում Բրիտանիան Սոցիալական արդարության համար պայքարի կենտրոնի կողմից ճանաչվել է «Եվրոպայի մայրաքաղաք»:
Հաշվետվությունը, որը օրերս ներկայացրել է այս կազմակերպությունը, իր վճիռը հիմնավորում է թվերով. Բրիտանիայում կանանց շրջանում ալկոհոլային կախվածության մակարդակն ավելի բարձր է, քան Եվրոպայի մնացած հատվածում: Ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում ալկոհոլային կախվածությունը Արեւմտյան Եվրոպայի երկրների շարքում «պատվանդանի» երկրորդ աստիճանին է: Անգլիայի ցանկացած չորրորդ մեծահասակ քաղաքացի «խիստ հարբեցող» է, յուրաքանչյուր 20-րդը՝ տառապում է ալկոհոլային կախվածությունից, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Միացյալ թագավորությունը վերածվում է վեբ-կայքերի օջախ, որոնք վաճառում են թեեւ պաշտոնապես չարգելված, սակայն գործնականում վտանգավոր ընդարմացնող նյութեր՝ այսպես կոչված legal highs: Զարմանալի չէ, որ բրիտանացի երիտասարդության շրջանում յուրաքանչյուր 12-րդը, որը Եվրոպայի համար ռեկորդային ցուցանիշ է, խոստովանում է, որ ընդունել է նման միջոցներ: Անցնող տարում «ակումբային թմրանյութ» անունը ստացած legal highs-ի ընդունումից Բրիտանիայում 52 մարդ էր մահացել:





























