Սիրիացի փախստականները Լիբանանում եւ Թուրքիայում լարվածություն են առաջացնում: Սեպտեմբերի 3-ին նման կարծիք է հայտնել արեւելագետ Սուրեն Մանուկյանը:
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանից մինչեւ Դիարբեքիր, վրանային ճամբարներ են ձգվում, որոնք երկրում սոցիալական լարվածություն, քրեական վտանգ եւ սանիտարական ռիսկեր են առաջացնում: «Ճամբարներն այնտեղ արդեն երկար ժամանակ է, ինչ գործում են, իսկ Թուրքիան չի ցանկանում իր տարածքում ունենալ այդքան շատ մարդ, որոնք ոչնչով չեն զբաղվում»,-հայտարարել է Մանուկյանը:
Բացի այդ, փախստականների ճամբարները մաքսանենգության միջանցք են դարձել, քանի որ սահմանամերձ ռեժիմը գրեթե չի գործում:
«Հաշվի առնելով ամբողջ ասվածը՝ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, մտադիր է նոր ռազմական գործողություններ սկսել, որպեսզի տեղափոխի փաստացի սահմանն ու փախստականների ճամբարներները»,-ընդգծել է Մանուկյանը:
Բավականին մեծ լարվածություն կա Լիբանանում, քանի որ երկրի 4 մլն բնակչությունից բացի, այնտեղ կա արդեն մոտ 1 մլն սիրիացի փախստական: «Սոցիալական լարվածությունը բավականին մեծ է նաեւ այստեղ: Այդ պատճառով պատերազմի հնարավոր մեկնարկը կարող է անդրադառնալ նաեւ Սիրիայի սահմանակից պետությունների հումանիտար իրավիճակի վրա»,-մեկնաբանել է Մանուկյանը:





























