Եվրամիությունը պաշտոնական Երեւանից բացատրություններ է ակնկալում՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ, սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը:

«Մենք հայկական կողմի բացատրություններին ենք սպասում, եւ հետո կկարողանանք գնահատել այն, թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ»,-Բրյուսելում լրագրողներին է ասել Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Ընդգծենք, որ Սարգսյանի եւ Պուտինի երեկվա հանդիպումից հետո, Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է միանալու Միասնական մաքսային միությանը՝ շարունակելով եվրոպական կառույցների հետ երկխոսությունը:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կկայանա ԵՄ ղեկավարության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ-պետությունների առաջնորդների գագաթաժողովը, որի ընթացքում սպասվում է մի քանի երկրների հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, այդ թվում՝ Հայաստանի: