Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը գրեթե անհնար է դարձրել Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը եւ դա տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների համար շատ նվաստացուցիչ իրավիճակում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական դիրքը:

Արզումանյանի խոսքով, այս իրավիճակը, երբ Հայաստանը 3.5 տարի բանակցում էր ԵՄ հետ, իսկ հետո միանգամից հայտարարեց, որ մտադիր է միանալ Մաքսային միությանը, Եվրոպայում տարակուսանք է առաջացրել: «Այս իրավիճակում Եվրոպան չի կարողանում կողմնորոշվել, այդ պատճառով էլ մամուլի հաղորդագրությունում նշվել է, որ պատրաստ են լսել հայկական կողմին: Նախ եւ առաջ արձագանքել են 7 երկրների ԱԳ նախարարներ, որոնք նախաձեռնել էին Հայաստանի հետ բանակցությունները, հայտարարելով, որ հնարավոր չէ Մաքսային միությունը համատեղել Ասոցացման մասին համաձայնագրի հետ»,-հայտարարել է Արզումանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Ի պատասխան՝ ԵՄ-ն բացատրություններ է պահանջել Երեւանից: Հայաստանի պատվիրակությունն ուղեւորվել է Բրյուսել՝ եվրոպաշտոնյաներին հանդիպելու: