Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Սերգեյ Սոբյանինն է`  արձանագրությունների 99,17%-ի  մշակման արդյունքում:

Նա ստացել է 51,27% ձայն: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի օգտին քվեարկել է 27,3% ընտրող:  Կոմունիստ Իվան Մելնիկովն ունի 10,72% ձայն,  «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Միտրոխինը`  3,52%, լիբերալ-դեմոկրատ Միխայիլ Դեգտյարովը`  2,86%, «Սպրավեդլիվայա Ռոսիայի» ներկայացուցիչ Նիկոլայ Լեւիչեւը`  2,8%, հայտնում է «Կոմերսանտը»: Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է  33,23%:

BFM.RU-ն նշում է, որ երկրորդ տեղը զբաղեցրած Ալեքսեյ Նավալնիի հաջողությունը, ինչպես նաեւ այդ արդյունքն ապահոված ռեկորդային ցածր մասնակցությունն իսկական սենսացիա են դարձել: Այժմ գլխավոր ինտրիգը Նավալնիի քաղաքական ապագան է:  

Քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի կողմնակիցներն ամբողջ կազմով չէին ընտրության եկել, հուսով էին, որ նա առանց այդ էլ կարող է հաղթել: Այստեղից էլ այդքան ցածր մասնակցությունը, նշում է գործակալությունը:

«ՌԻԱ Նովոստին» հաղղորդում է, որ Նավալնիի շտաբը, գնահատելով կիրակի օրվա ընտրությունների նախնական արդյունքները, հրաժարվել է դրանք ընդունել, իսկ ընդդիմադիր թեկնածուն էլ պահանջել է դրանք չեղյալ հայտարարել: 

«Մենք չենք ճանաչում այդ քվեարկությունը: Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է երկու փուլով ընթանան», — սեպտեմբերի 9-ի գիշերն իր եզրափակիչ ճեպազրույցում լրագրողներին է հայտնել Նավալնին` խոսելով իր հակառակորդի 51%-անոց արդյունքի մասին:

Իր հերթին կեսգիշերին Բոլոտնայա հրաարակում հայտնված Սոբյանինը` հրապարակայնորեն համոզմունք է հայտնել, որ հաղթելու է: «Վերջին հաշվով, մենք միեւնույն է կհաղթենք», - ասել է նա: