Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ընդունում է Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրանի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի բանավեճի հրավերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
«Ես իր հրավերն ընդունում եմ, գնանք դատարան այս գործով եւ այնտեղ բանավիճենք: Մեր քննարկումը պետք է լինի դատարանում, ոչ թե նախաքննության ընթացքում ամեն ինչ կոծկեն, որ ոչինչ դատարան չհասնի: Այդ կարգի բանավեճերի համար է նախատեսված դատարանը, ինչի՞ ենք տեղափոխում աբսուրդային ձեւաչափերի մեջ: Մեր ուզածն էլ այդ է, որ այս բանավեճը տեղի ունենա դատարանում, թե չէ ինչ է ստացվում` պիտի հաշտվե՞նք այն մտքի հետ, որ գործը դատարան չի գնալու եւ ինչ-որ մամուլի ակումբներում դատավարություն անցկացնենք»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Նման հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը: «Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:





























