Հայաստանի առաջին նախագահը խոսեց երեւույթների մասին, որոնց մասին ներկայիս իշխանությունները խուսափում են բացահայտ խոսել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը՝ կապված երկրում հակառուսական տրամադրությունների ու Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու մտադրության հետ:
«Այն, ինչ նշեց առաջին նախագահը՝ ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացի բոլոր հարցերը Ռուսաստանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության մասին, փաստորեն տեղի է ունեցել, եւ վերջին 2-3 տարիների ընթացքում այս հարցը նախագահի մակարդակով մի քանի անգամ քննարկվել է»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, սակայն, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են խոսել այդ մասնի, քանի որ Ուկրաինայի ու Բելառուսի հետ կապված իրադարձությունների ֆոնին 2-3 շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրուկ փոխեց իր կարծիքն ու հայկական կողմին կանգնեցրեց կայացած փաստի առջեւ:
Սերգեյ Մինասյանը նաեւ հավելեց, որ, ելնելով քաղաքական ու դիվանագիտական նկատառումներից, Հայաստանի ներկայիս իշխանությունները խուսափում են իրերն իրենց անուններով կոչել:
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին կայացավ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նիստը: Նիստը վարում էր Հայաստանի առաջին նախագահ, կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից Մաքսային միություն մուտք գործելու որոշմանը, ինչպես նաեւ եվրապական կառույցների աշխատանքին՝ ընգծելով, որ չի կարելի Ռուսաստանի հասցեին որեւէ վիրավորական խոսք ասել:





























