«Բանդայի» պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանն առողջական որեւէ խնդիր չունի, բայց անակնկալի չեմ էլ գա, եթե օրեր անց հայտարարեն, թե նա էլ առողջական խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը: «Մարդակերներ են, ինչ ուզում անում են: Ինչ իմանաս, ինչ կլինի: Ես հայտարարում եմ, որ իմ որդին ոչ միայն առողջ է, այլեւ լուրջ մարզիկ է եւ, եթե նրա մոտ առողջական խնդիրներ ի հայտ գան, ես դրան չեմ հավատա»,- ասաց Սուրիկ Հակոբյանը:

Հարցին, թե ինչո՞ւ որդին չէր մասնակցել վերջին դատական նիստին, նա պատասխանեց. «Վերջ ի վերջո, տղաս այս գործով անցնող եւ դատապարտյալների հիվանդանոցում մահացած Արման Դալլաքյանի հետ քավոր-սանիկություն ուներ: Արտյուշան Արմանի երեխաների քավորն է: Նա ծանր է տանում կատարվածը»:

Իսկ Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանն էլ նշեց, որ ասել է ու կասի, որ իր պաշտպանյալին արհեստականորեն են «կպցրել» այս քրեական գործին: «Նա ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչել: Միայն Արման Դալլաքյանն էր, այն էլ բոլորին է հայտնի, թե նրանից ինչ ձեւով  են ցուցմունքները կորզվել»,- նշեց Հովիկ Արսենյանը:

Արձագանքելով հարցին, թե  ինչ է կարծում այս տարի սույն գործով դատավճիռ կկայացվի՞, թե՞ ոչ, նա նշեց. «Չեմ կարող ասել: Դատավարության կողմերը համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուր երկուշաբթի պետք է տեղի ունենան դատական նիստերը: Այնինչ` այսօրվա դեպքից հետո դատարանը գնացել է ծայրահեղ քայլի: Դատավարության մասնակիցների, պաշտպանների կարծիքը հաշվի չառնելով, որ պաշտպանները կարող է այլ դատական նիստերով էլ զբաղված լինեն, իրար հետեւից ցուցակ էին ուղարկել , որ 17, 18, 20,23, 24, 25, 27, 28, 30-ին դատական նիստեր են նշանակել այս գործով, որը անհնարին է, որովհետեւ այլ քրեական գործերով մյուս դատարաններում էլ մենք գործեր ունենք»:

Դիտարկմանը, թե սրանով ինչ խնդիր են լուծում Արսենյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ այլեւս համը դուրս է եկել  եւ մի իրավիճակ է հասունանում, որ հնարավոր է նոր ապացույցներ ի հայտ գան, որ այլ մարդիկ մասնակցություն ունեն: Ճնշում արդեն զգացվում է դատարանի վրա, քանի որ մեր դատավորին՝ Պապոյանին, շատ լավ ճանաչելով ես չեմ պատկերացնում, որ նման ծայրահեղ քայլի գնար եւ այս օրերին իրար վրա դատական նիստ նշանակեր»,- ավելացրեց Հովիկ Արսենյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը  տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: