Երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծված, երբ պետությունը պետք է պատասխանատու ընտրություն կատարի, քանի որ լուծվում է ազգի ճակատագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու կոնտեքստում ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման հնարավորությունը:

«Խոսքը պատմական իրադարձության մասին է, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է միասին քննարկեն ստեղծված իրավիճակը, որպեսզի հասկանա, թե ինչ ապագա է սպասում մեր երկրին: Այս համատեքստում, քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց կուսակցական մոտեցումները եւ համընդհանուր որոշում ընդունեն, քանի որ լուծվում է քաղաքական կարեւորության հարց: Դրա համար անհրաժեշտ է միավորվել»,-հայտարարել է Հակոբյանը՝ հավելելով, որ այս պահին քաղաքական ուժերը դեռ չունեն փաստարկված մոտեցումներ Մաքսային միությանն անդամակցելու հարցի վերաբերյալ, քանի որ խորհրդարանականների ձեռքի տակ չկա փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի:

Հարցին, թե կա՞ն հեռանկարներ, որ քաղաքական ուժերը կարձագանքեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Պարոն Հովհաննիսյանը քաղաքական ուժերին կոչ է արել միավորվել, բայց պարտադիր չէ իր եւ գլխավորած քաղաքական ուժի շուրջը: Նա քաղաքական ուժերին կոչ է արել պարզապես միավորվել հանուն երկրի ապագայի»: