Թուրքական իշխանությունները 33 կասկածյալների մեղադրանք են առաջադրել ներկայիս կառավարությունը վարկաբեկելու եւ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:

Ինչպես ուրբաթ հայտնել են թուրք պաշտոնյաները, կասկածյալները ծրագրել էին սպանել երկրի քրիստոնյա եւ հրեական համայնքների ազդեցիկ դեմքերին, նաեւ այլ հարձակումներ կատարել ազգային փոքրամասնությունների վրա:

Հետաքննության տվյալներով, նախատեսվում էր դրանից հետո մեղքը բարդել իսլամիստ ծայրահեղականների վրա՝ վարկաբեկելու համար կառավարությանը:

Դավադրությանը մասնակցել են ռազմա-ծովային ուժերի երեք ծովակալ, մի քանի այլ զինծառայողներ եւ պահեստազորի սպաներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նշենք, որ 2003թ. հետաշրջման նախապատրաստման գործի հետաքննությունը սկսվեց Taraf թերթում մի քանի աղմկոտ հրապարակումներից հետո: Մասնավորապես թերթում հրապարակվեց «Մեծ մուրճ» անվանումով ծրագիրը: Նախատեսվում էր Ստամբուլում պայթեցնել մի քանի մզկիթներ, Էգեյան ծովի վրա պայթեցնել սեփական կործանիչը, մեղքը գցել Հունաստանի վրա, եւ, ցույց տալով կառավարության թուլությունը, իրականացնել հեղաշրջում: Ընդհանուր առմամբ թուրքական իշխանությունները մեղադրանք են առաջադրել 200 հոգու՝ զինվորականների, ոստիկանների, լրագրողների եւ գիտնականների: