Ուկրաինան կլիներ Մաքսային միությունում Ռուսաստանի ամենախոշոր «ավարը»: Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե որքան քաղաքականություն է թաքնված ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության ստեղծման հետեւում:

«Իրականում, այնտեղ ոչինչ էլ թաքնված չէ: Միանգամայն ակնհայտ է, որ դրա նպատակն է հպատակեցնել այսօրվա դրությամբ անկախ հետխորհրդային երկրները: Այդ համատեքստում Ուկրաինան ամենախոշոր «ավարն» է եւ, կարծում եմ, որ ռուսները հաստատակամ են իրենց նպատակին հասնելու: Իրականում խնդիրն այն է՝ պատրա՞ստ են ուկրաինացիները պահպանել իրենց անկախությունը: Այդ պատճառով հենց ուկրաինացիները պետք է որոշեն, արդյոք ցանկանում են նահանգ լինել ավելի մեծ Ռուսաստանի կազմում, թե ոչ»,-ասել է Բժեզինսկին, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

Նա նաեւ համարում է, որ Ռուսաստանը կարող է ավելացնել ճնշումը Ուկրաինայի վրա՝ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից    առաջ, որտեղ նախատեսվում է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել: Պատասխանելով այն հարցին, արդյոք պետք է Ուկրաինան անսպասելի բաներ ակնկալի նոյեմբերյան գագաթաժողովից առաջ այնպես, ինչպես տեղի ունեցավ Հայաստանում Վլադիմիր Պուտինի այցելությունից հետո, Բժեզինսկին ասել է. «Ուկրաինան, իհարկե, շատ ավելի մեծ երկիր է: Ինչ-որ առումով այն Ռուսաստանի հետ շատ ավելի փոխկապակցված հարաբերություններ ունի, քան Հայաստանը, որը աշխարհագրական առումով, այսպես կոչված, տարանջատված է: Ուստի միանգամայն հնարավոր է, որ Ուկրաինան շատ ավելի խոցելի լինի, եթե Ռուսաստանը «չորկողություն» անի»:

Բժեզինսկին նաեւ կարծում է, որ Ուկրաինայի եվրաինտեգրացումը հետագայում դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի զարգացման վրա: «Հեռավոր հեռանկարում առավել սերտ Ուկրաինա-Եվրոպա հարաբերությունները ճանապարհ կբացեն Ռուսաստան-Եվրոպա առավել սերտ հարաբերությունների համար, քանի որ հասկանալի է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը փիլիսոփայորեն եւ մշակութապես Եվրոպայի մաս են: Վերջնարդյունքում, դա առավել հեռանկարային ապագա է Ռուսաստանի համար, քան տարբերակը, երբ Ռուսաստանը մեկուսացված է եւ փորձում է կաշառելով հասնել Ուկրաինայի՝ իր նոր կայսրությանն ինտերգրմանը, երբ Ռուսաստանը սեղմված է միասնական Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ, որը մեծացնում է իր հզորությունը»,-ասել է Բժեզինսկին: