ԵՄ կենտրոնը Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինա է հայտարարում: Առաջին մրցանակը նոութբուք է, երկրորդը` նեթբուքը, երրորդը` Քինդլ-էլեկտրոնային գիրք:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքով՝ վիկտորինան կոչված է լինելու ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային, մարդկանց հետաքրքրական փաստեր եւ օգտակար տեղեկատվություն տալով Հայաստանում ԵՄ գործունեության մասին: «Անգամ եթե մարդիկ ճիշտ պատասխանները չգիտեն, նրանք կարող են օգտագործել ԵՄ կենտրոնի կայքէջը` ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ավելին տեղեկանալու համար», նշեց դեսպանը:
Վիկտորինան կազմված է 16 հարցերից` պատասխանների տարբերակներով, որոնք հարկ է նշել եւ ողջ հարցաշարը կզբաղեցնի 10-15 րոպե ժամանակ գիտակ մարդու դեպքում եւ քիչ ավելին այն անձանց դեպքում, որոնք անհրաժեշտություն կունենան սեղմել հղումները ավելին իմանալու համար: Վիկտորինային կարող են մասնակցել միայն Հայաստանի բնակիչները եւ այն առցանց հասանելի կլինի մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 1-ը: Հիմնական բոլոր մրցանակները վիճակահանությամբ կորոշվեն այն անձանցից, ովքեր ճիշտ են պատասխանել բոլոր 16 հարցերին:
Ի հավելումն հիմնական մրցանակներին` ԵՄ կենտրոնը կտրամադրի նաեւ ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ եւ կկազմակերպի մեկօրյա միջոցառում` Երեւանում գտնվող ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարեւոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:
Վիկտորինային կարելի է մասնակցել՝ հետեւելով այս կայքին:





























