Սեպտեմբերի 15-ին Լվովում բացվել է «Գողգոթա» խորանը, որը վերանորոգվում էր:
Արարողությանը մասնակցել են քաղաքի ու մարզի ղեկավարությունը, Լեհաստանի մշակույթի նախարարը, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները, հավատացյալներ: Տոնական աղոթքը գլխավորել է Հայ Առաքելական եկեղեցու ուկրանական թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Հիշեցնենք, որ 2010-ից մինչեւ 2013թ.-ը վանական համալիրի հարավային բակում գտնվող նշանակավոր «Խաչելություն»(«Գողգոթա») փայտե խորանում անց են կացվել մասնագիտական համակարգային վերանորոգման աշխատանքներ: Աշխատանքները իրականացնում էին ուկրանացի ու լեհ մասնագետները: Նախագծին աջակցում է լեհահայերի մշակույթի ու ժառանգության հիմնադրամը՝ Լվովի հայերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:
«Այսօր ոչ միայն «Գողգոթայի» բացումն է, ոչ միայն եկեղեցու 650-ամյա պատմական տարեդարձն է, այլ նաեւ այսօր Հայոց եկեղեցում մեծ տոն է՝ Սուրբ Խաչվերաց տոնը: Դա ամենամեծ տոներից մեկն է»,- նշել է Հայ Առաքելական եկեղեցու ուկրանական թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:
Փայտե խորանի վերանորոգումից բացի, վերանորոգման աշխատանքներ են անցկացվել նաեւ Յան Հենրի Ռոզենի ներքին որմնանկարների վրա: Աշխատանքները սկսվել էին 2006թ.-ից:




























