Հայաստանը ողջունում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` պատասխանելով հարցին, թե ո՞րն է Հայաստանի մոտեցումը սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ:
«Հայաստանը ողջունում է Ժնեւում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում եւ կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի եւ դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն», - ասված է Տիգրան Բալայանի գրավոր պատասխանում:





























