Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ գործադիր մարմնի նիստ չի անի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ պատճառը նախագահի զբաղվածությունն էր, հաջորդ նիստը կկայանա հաջորդ շաբաթ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով սեպտեմբերի 25-ին մեկնել է Սյունիք:

Հարցին,թե դատախազի անունը երբ հայտնի կդառնա, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց՝  «մյուս շաբաթ»: Ինչ վերաբերում է Արարատում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին ՀՀԿ-ի թեկնածուին, ապա Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ երբ լինի Կառավարության որոշում եւ հայտնի լինի արտահերթ ընտրությունների օրը, ժամանակացուցյի համաձայն, կքննարկեն եւ կասեն իրենց թեկնածուի անունը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 19-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել էր, որ թեեւ գլխավոր դատախազի հարցն այս շաբաթ չի քննարկվել, բայց մյուս շաբաթ նրա անունը հայտնի կլինի: Նա, սակայն, անուններ չէր նշել, ասելով. «Ինչ-որ մեկը կլինի»:

Ամենահավանական թեկնածուն համարվում է զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: