Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու հարցով դիմել են Վերաքննիչ դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝  Արա Զաքարյանը: 

Նա նշեց, որ դիմել են Վերաքննիչ դատարան, առայժմ նիստի օրը հայտնի չէ, հավանաբար առաջիկա 10 օրերին, երբ գործի նյութերը փոխանցվեն Վերաքննիչ դատարան, կնշանակվի նիստը:

Արա Զաքարյանի փոխանցմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանը աբսուրդ է համարում իրեն առաջադրված մեղադրանքը եւ այն չի ընդունում, նա հրաժարվում է որեւէիցե բան ասել քննչական մարմնին, ցուցմունք չի տվել:

«Իր ընկալմամբ՝ դա իր սոցիալական հարցերը բարձրացնելու արդյունքն էր՝ ազատամարտիկների սոցիալական պայմանները բարելավելու համար, որը լուծում չէր ստացել, ինչը նշանակում էր, որ դա դառնալու է քաղաքական խնդիր, եւ իշխանությունը փորձել է  նրան մեկուսացնելով խնդիրները չլուծել եւ պայքարը մարել, բայց  ինքը վճռական է տրամադրված»,- փոխանցեց Արա Զաքարյանը:

Նա նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե վերջինս առողջական խնդիրներ ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել:

Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա: