Արարատում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրությունների օրը դեռ նշանակված չէ, բայց արդեն հայտնի են հավանական թեկնածուների անունները:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ արդեն դադարեցվել են Արարատի քաղաքապետի լիազորությունները, ընտրությունների օր չի հայտարարվել: Երբ այն հայտնի լինի, կլինեն առաջադրումներ, իրենք իրենց թեկնածուի անունը կհայտնեն:
«Մարզային կառույցում դեռ քննարկումներ չկան, բայց չի բացառվում, որ Հայկ Հայկյանի թեկնածությունը պաշտպանենք»,- ասաց մարզպետը: Ի դեպ, Հայկ Հայկյանը նախկին մանկավարժ է, նա երկու անգամ մասնակցել էր քաղաքապետի ընտրություններին, բայց չէր ընտրվել: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ վերջինս վայելում է «Ավշարի» Գրիգորյան եղբայրների հովանավորչությունն ու վստահությունը:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք առաջադրելու եւ պաշտպանելու են Սամվել Բարսեղյանի թեկնածությունը:Նա երկար տարիներ աշխատում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանում:
Իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ Արարատի նախկին քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Թովմասյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար բոլորն էլ մրցակիցներ են, արդար ընտրությունների պարագայում չի կարծում, որ խնդիր կունենա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր` օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նա նշել էր, որ քաղաքապետի մոտ առկա է գլխուղեղի ուռուցք:





























