«Այն փուլից, երբ մենք պատասխանող էինք, անցել ենք պայմանականորեն ասած` տեղեկատվական միջավայր թելադրողի կարգավիճակի»,- մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի հետ քարոզչական պատերազմին, նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:
«Ադրբեջանի որևէ փոքրիշատե լուրջ հայտարարություն չի թողնվում առանց համապատասխան պատասխանի: Ադրբեջանի ակտիվությունը բազմաթիվ հարթակներում ստեղծում է պարզապես խառնաշփոթ իր կողմից տարածվող ինֆորմացիայի ընկալողների կողմից և այդ պատճառով է, որ բազմաթիվ նախադեպեր ունենք, երբ Ադրբեջանից տարածվող ինֆորմացիան պարզապես չի դիտարկվում»,- կարծիք է հայտնել նա ու համոզմունք հայտնել, որ Հայաստանն այս առումով ճիշտ ճանապարհ է ընտրել: «Մենք որոշակիորեն հետ էինք, ես դա կասեի՝ 6 ամիս առաջ: Այսօր չեմ համաձայնի որևէ մեկի հետ, ով կասի, որ մենք չենք կարողանում ադեկվատ պատասխաններ տալ»,- ընդգծել է Ա. Սաղաթելյանն ու հավելել, որ այս ճակատում հաջողություն արձանագրելու համար բլորը պետք է իրենց տեղում լինեն եւ իրենց աշխատանքը կատարեն, այդ թվում պաշտպանության նախարարությունը, ԱԳ նախարարությունն ու լրատվամիջոցները:



























