28-ամյա Հայկ Ղ.-ն Ազատան գյուղի տարածքում գտնվող «Գարտ»-ի տարածքում գործող խաղատանը ընկերների հետ խուլիգանություն է կատարել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Հայկ Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ալկոհոլ օգտագործած վիճակում, ընկերների՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ա.Հակոբյանի, Վ.Սարգսյանի, Գ.Թովմասյանի հետ Ազատան գյուղի տարածքում գտնվող «Գարտ»-ի տարածքում գործող խաղատանը հավաքարար Հ.Հակոբյանի նկատմամբ կատարել են խուլիգանական հայհոյանքներ եւ Գ.Թովմասյանը իր մոտ պահվող հրազեն ատրճանակով 1 անգամ կրակել է խաղատան ներսում, բակում:
Այնուհետեւ վիճաբանել են խաղատան աշխատակից Հ.Թորիկյանի հետ, հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջությանը թեթեւ վնաս: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























