Թբիլիսիի հարյուրավոր բնակիչներ, ովքեր դժգոհում են երկրում արդարության վերականգման տեմպերից, մայրաքաղաքի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բողոք ցույցի հրավերներ էին ուղարկվել խորհրդարանի նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ազգային իրավապաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահին եւ Թբիլիսիից խորհրդարանի մեծամասնական պատգամավորներին, սակայն եկել էին միայն որոշ պատգամավորներ:Խորհրդարանի շենքի առջեւի հրապարակում հավաքվածները այրել են գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ  «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից նախագահության թեկնածու, խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեի տեսքով խրտվիլակներ, ինչպես նաեւ ազգային շարժման այլ ներկայացուցիչների նկարներ: