Մենք կողմ ենք ցանկացած մարդասիրական նախաձեռնության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով համաներում անցկացնելու վերաբերյալ երկրի նախագահի առաջարկը:
Ըստ Ուրիխանյանի` ինքը դրական է վերաբերվում նման խրախուսանքներին: Միաժամանակ պատգամավորը նշել է, որ խորհրդարանականները դեռ չեն հասցրել ծանոթանալ համաներման մասին առաջարկի բովանդակությանը:
Ի պատասխան հարցին, թե արդյոք ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է, եւ արդյոք համաներումը կվերաբերի նաեւ նրան, Ուրիխանյանն ասել է, որ միշտ էլ զարմացել է, որ նման խիստ դատավճիռ է կայացվել վերջինիս նկատմամբ:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել համաներման վերաբերյալ առաջարկություն` անկախության հռչակման 22-ամյակի առիթով:





























