«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»:

Այս առնչությամբ, Կոալիցիայի տարածած հայտրարության մեջ նշվում է.

«2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երեւույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երեւույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա» որի պահանջն էր արդար դատավարություն եւ նման դեպքերի կանխում:

Հոկտեմբերի 1-ին Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջեւ: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին եւ կավարտվի երեկոյան 21:00-ին:

Նույն օրը`ժամը 11:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց նամակ կփոխանցի ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանին, որով կոչ կանի կառավարությանը կատարել խոստումը եւ ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

Այսուհետեւ Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:

Այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ եւ ամուր ընտանիքներ կերտելու համար»: