Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել նաեւ 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնարարվել է ավարտել նաեւ Նոր Խարբերդ թաղամասում լայն թափով ընթացող էլեկտրամատակարարման, գազիֆիկացման եւ ջրամատակարարման աշխատանքները. «Այս ծրագրով մենք իրականում լուծում ենք տալիս ավելի քան 40 տարի բնակիչների առջեւ ծառացած խնդիրներին: Գործընթացը կազմակերպեք այնպես, որ Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներն Ամանորը դիմավորեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացման մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է. «Պետք է պարբերաբար հանրությանը ներկայացվեն ապամոնտաժման աշխատանքներն ու նաեւ այդ կերպ քաղաքացիներին իրազեկվի, որ ցանկացած ապօրինի շինարարություն կամ կառույց, որ նախաձեռնվում է բնակիչների կամ իրավաբանական անձանց կողմից, հաստատ ապամոնտաժվելու է, եւ օրինախախտը սահմանված կարգով ենթարկվելու է վարչական պատասխանատվության», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում է նաեւ նկարազարդման գործընթացը: Զեկուցվել է, որ տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հանձնարարվել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը: 2012թ.-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում:

Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռեւս հայտեր չեն ներկայացվել: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար իրազեկել հոկտեմբերի 17-ին նախատեսվող թվով 24 երթուղիների մրցույթի կազմակերպման մասին:

Զեկուցվել է նաեւ, որ հոկտեմբերի 10-ից 12-ը Երեւանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կոնֆերանսին մասնակցության հրավերներ ուղարկել նաեւ Երեւանի ավագանու խմբակցություններին: