Նիժնի Նովգորոդում մահմեդականները հարձակվել են մզկիթի իմամի վրա: Կռիվը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին` խմբակային նամազի ժամանակ: Մզկիթի իմամ Ումար Իդրիսովը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Նիժնի Նովգորոդի Ռիբուշկինո գյուղից մի խումբ մահմեդականներ տասնյակ մեքենաներով ժամանել էին մզկիթ եւ փորձել խանգարել աղոթքը:
Ըստ Իդրիսովի` եկածները հայտնել էին, թե ինքն իբր հեռացվել է պաշտոնից` Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնութդինի որոշմամբ: Նամազից հետո պետք է հավաք տեղի ունենար` մզկիթի համայնքի նախագահի ընտրությունների հարցով, քանի որ գործող նախագահը չէր ընտրվել ինչպես հարկն է, այլ նշանակվել էր, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:
Սակայն կատարվածից հետո Իդրիսովն առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել ընտրությունները: Ռիբուշկինոյի մահմեդականներին դուր չի եկել այդ գաղափարը, եւ նրանք անցել են «հոգեբանական ու ֆիզիկական բռնության», ասում է Ումար Իդրիսովը: Նրանք փորձել են մզկիթից դուրս բերել համայնքապետի թեկնածուին՝ վերջինիս մի քանի անգամ հարվածելով, հետո հարձակվել են Իդրիսովի վրա:
Մինչդեռ Նիժնի Նովգորոդի Մահմեդականների հոգեւոր վարչության կայքում հաղորդվում է, որ սեպտեմբերի 26-ին Ումար Իդրիսովը հեռացվել էր զբաղեցրած բոլոր պաշտոններից: Նրան մեղադրում են կազմակերպության կանոնակարգի կոպիտ խախտումների եւ պառակտիչ գործունեության համար:





























