Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատան «Կառլ եւ Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման ժամանակ տեղի է ունեցել շքանշանի հանձնման մասնավոր արարողությունը:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայրապետական Սրբատառ կոնդակով Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան է շնորհվել Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանին` քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով:

Շնորհավորելով Տաթեւ Սրբազանին քահանայագործության հոբելյանի առիթով` Նորին Սրբությունը նրա կուրծքը զարդարել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով եւ մաղթել քաջառողջ ու արեւշատ կենաց օրեր` Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո շարունակելու իր առաքելությունը` նորանոր եկեղեցաշեն ու ազգօգուտ հաջողություններ արձանագրելով ծառայության մեջ:

Իր հերթին Տաթեւ արքեպիսկոպոսն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին բարձր գնահատանքի համար եւ իր հավատարմությունն ու սերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ:

Պարգեւաբաշխման արարողությունն ավարտվել է «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողությամբ: