Մտահոգիչ փաստ է, որ մեզ մոտ ամեն անգամ որպես խափանման միջոց է ընտրվում կալանավորումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ազգային ժողովում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան նշեց Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ շատ երկրներում, ի տարբերություն Հայաստանի, կալանավորումը որպես խափանման միջոց բացառիկ դեպքերում է կիրառվում, բայց պետք է գիտակցել, որ խափանման միջոցի ընտրությունը ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է համապատասխան մարմինների առջեւ դրված նպատակներն իրագործելու հնարավորություններով:
Թեկնածուի ներկայացմամբ՝ արեւմտյան շատ երկրներում կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվում, որովհետեւ գործող այլընտրանքային խափանման միջոցները բավարար են իրենց առեւ դրված նպատակներն իրագործելու համար:
Կոստանյանը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում նախագծվում է նոր օրենսգիրք, որտեղ այլընտրանքային խափանման միջոցները առավել հստակեցված կլինեն եւ կհամապատասխանեն նրան, որ նվազեցվի մեղադրյալի՝ ազատությունից զրկելու հնարավորությունը:
«Ես այնքան էլ համաձայն չեմ, որ երբ խոսում ենք իրավապահ մարմինների կողմից կասկածյալին կամ մեղադրյալին պատասխանատվության ենթարկելու գործելաոճի մասին: Կարեւորագույն խնդիրը հանցագործության կանխարգելումն է: Չենք կարող խոսել բավարար չափով դա իրագործելու մասին, սակայն մենք խնդիր ունենք ոչ միայն իրավապահ մարմինների մոտ իրավական մտածողության փոփոխության, այլեւ հասարակության ներսում այդ իրավական մտածողության մասին, իրավական պաշտպանության դիմելու գործելաոճի մասին: Բոլորս գիտենք, որ շատ դեպքերում հասարակության շրջանում դա դատապարտելի վարքագիծ է ընկալվում: Պետք է նաեւ դա փոխվի»,-ընդգծել է Գլխավոր դատախազի թեկնածուն:





























