Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, որովհետեւ նրա պատճառով կարող են խեղվել ճակատագրեր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշել է Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը:

«Դատախազի ոչ պրոֆեսիոնալությունը եւ կոռուպցիան դատական համակարգում տեղ չունեն, իսկ նրանք, ովքեր համամիտ չեն լինի այդ կարծիքին, տեղ չեն ունենա համակարգում: Հաջորդը՝ դատախազը չի կարող լինել կուսակցության անդամ: Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ցանկացած դատախազի կընձեռնվի քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն` լիազորությունները վայր դնելուց հետո միայն»,- ընդգծել է Կոստանյանը:

Անդրադառնալով երկրում տիրող անպատժելիության մթնոլորտին, նա չի համաձայնել այդ տեսակետին, նշելով, որ մեկ դեպքն անգամ բավարար է, որ նման անպատժելիության մթնոլորտ ստեղծվելու մասին լուրեր լինեն: «Ցանկացած հանցագործ պետք է կրի իր պատիժը, բոլորը պետք է լինեն հավասար օրենքների վրա՝ սա ես կիրականացնեմ»,-ասել է նա: