Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սեպտեմբերի 30-ին, հայտնել է Թուրքիայում երկար սպասված ժողովրդավարացման փաթեթի բովանդակությունը՝ ելույթի սկզբում շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախկին ղեկավարներ Ադնան Մենդերեսին, Թուրգութ Օզալին եւ Էրբաքանին:

Էրդողանի կողմից ներկայացրած ժողովրդավարացման փաթեթը ներառում է հետեւյալ կետերը.

Թուրքիայի դպրոցներում հանվում է Ազգային ուխտը, որն աշակերտներն ամեն օր դասից առաջ արտասանում էին (Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ-խմբ):

Պետական ծառայողներն այսուհետ կարող են գլխաշոր կրել:

Ասորական համայնքին պատկանող Մոր Գաբրիել եկեղեցուն պատկանող հողատարածքը վերադարձվում է եկեղեցու հիմնադրամին:

Ստեղծվում է գնչուների լեզվի եւ մշակույթի ուսումնասիրման ինստիտուտ:

Քրդերի կողմից օգտագործվող եւ թուրքերեն այբուբենի մեջ չմտնող Q, X, W տառերի գործածումն այլեւս քրեորեն հետապնդելի չէ:

Որոշ փոփոխություններ է արվում երթեր, ցույցեր եւ հավաքների մասին օրենքում: Փոփոխություններից մեկով երկարացվում է բաց եւ փակ տարածքներում իրականացվող տարբեր հավաքների եւ միջոցառումների ժամկետները:

Նեւշեհիրի համալսարանը կվերանվանվի Հաջը Բեքթաշի Վելիի անունով:

Խստացվելու է քաղաքացիների անձնական տվյալների պահպանությունը:

Առաջակրվում է ընտրական համակարգի 3 տարբերակ՝ շարունակել շեմը 10-ով, ընտրական շեմն իջեցնել 5-ի եւ ընտրական 5 տարարծաշրջանով ներնահանգային ընտրություններ, ամբողջովին հանել շեմը եւ անցնել ներնահանգային ընտրությունների:

Ավելացվելու է ատելության, խտրականության, այլատյացության համար սահմանվող պատժաչափերը:

Կուսակցություններն այսուհետ կարող են տարբեր լեզուներով եւ բարբառներով քարոզչություն իրականացնել:

Կուսակցությունների համար ստեղծվում է համանախագահ ունենալու հնարավորություն:

Հնարավորությւոն է ստեղծվում մասնավոր դպրոցներում կրթություն տալ օտար լեզվով:

Հանվում է այն օրենքը, որով արգելվում էր գյուղերի անունները փոխել: Նահանգների եւ շրջանների անունների փոփոխման համար աշխատանքներ կարվեն:

Պետական աջակցություն կտրվի նաեւ ընտրություններին 3 տոկոս շեմը հաղթահարած կուսակցություններին: Նախկինում շեմը 7 տոկոս էր: