«Գոմեշի միս մատակարարել» արտահայտությունը ինչ-որ գեներացված գնահատական է, քանի որ խոսքը վերաբերում է շարքային խարդախության մասին. Եւ ոչ թե գոմեշի մսի մատակարարումն էր հանցագործություն, այլ՝ ընդամենը խարդախություն, որ տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ասաց գլխավոր դատախազի թեկնածու, նախկին ռազմական դատախազ Գեւորգ Կոստանյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը, որ նա իր պաշտոնավարման ժամանակ անաչառ մոտեցում չի ցուցաբերել բանակին գոմեշի մսի վաճառքի փաստին եւ մեղավորներն արժանի պատիժ չեն ստացել:
Մասնավորապես ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, ով կեղծել էր մատակարարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
Լ. Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ թեեւ կոալիցիոն պատգամավորների քվեարկության արդյունքում Գ. Կոստանյանը կընտրվի գլխավոր դատախազ, սակայն դա չի նշանակի, որ ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ են նրա թեկնածությանը։
Ըստ Գ. Կոստանյանի՝ խնդիրը ոչ թե գոմեշի մսի մատակարարումն է, այլ՝ հանցավոր բնույթն այն է, որ տավարի մսի արժեքով մատակարարվել է ավելի ցածր արժեքով գոմեշի միս, հակառակ պարագայում «ինքնին գոմեշի մսի մատակարարումը հանցանք չէ»։
«Նման գործերը բավականին բարդ են ապացուցողական տեսակետից։ Գործը հարուցվել է մարտին, եւ միայն հունիս-հուլիսին կարողացանք ձեռք բերել ապացուցողական բավարար հիմք մեղադրանք ներկայացնելու նույն Ալբերտ Օհանջանյանին եւ ՊՆ երեք-չորս պաշտոնյաներին։ Այս պահի դրությամբ նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Դա պայմանավորված է երկեւ հանգամանքով. Օհանջանյանը միջոցներ է ձեռնարկել եւ ձեռնարկում է պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար, բացի այդ կալանքում գտնվելու ընթացքում նրա մոտ գրանցվել է սրտի կաթվածի մի քանի դեպք, եւ երբ պարզվեց, որ դատապարտյալների հիվանդանոցը չունի բավարար տեխնիկա առավելագույնս աջակցություն ցուցաբերելու համար»։
Կոստանյանը նաեւ նշեց, որ դեռեւս վաղ է խոսել քրեական գործի հանգուցալուծման մասին, քանի որ քրեական գործը բարդ է, եւ քննությունը դեռեւս շարունակվում է. «Ցանկացած անձինք, ովքեր ներառված են եղել խարդախության գործարքին ենթարկվելու են պատասխանատվության»։





























