Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա անավարտ շինհրապարակների հետագա ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության շրջանակում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատկանշելով, որ այլեւս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպում կազմակերպել տվյալ տարածքների սեփականատերերի հետ, որի շրջանակում կքննարկվի տվյալ կիսակառույցների հետագա ճակատագիրը: Քաղաքապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանել հստակ ժամանակացույց, համաձայն որի էլ դրանց հետ կապված վերջնական որոշումներ կկայացվեն: