Թե ով է կանչել` Ավետ, ով չի կանչել, խնդիրը դա չի, հստակ է` ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են կրակել, քանի զենք է գործածվել եւ ով է տուժել, ով է պատասխան տվել. Իսկ թե ով է կանչել` Ավետ, դա հարցի ութերորդ կողմն է։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին խորհրդարանում ասաց գլխավոր դատախազի թեկնածու, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ով է եղել այն մարդը, ով Գորիսի հայտնի դեպքերին վերաբերող տեսանյութի 23:08:04-ին ձայն է տալիս Ավետիք Բուդաղյանին։
Փաշինյանն ասաց, որ, գորիսյան դեպքերի տեսագրությունը նայելով, արձանագրել է, որ երբ Ավետիք Բուդաղյանը գնում է հավաքված մարդկանց խմբի հետեւից, ինչ-որ մեկը ձայն է տալիս, ասում է` Ավետ, Ավետիք Բուղադյանն էլ հետ է դառնում եւ ստանում այն վնասվածքը, որը թիվ մեկ վնասվածք է որակվում գործում:
Ըստ Փաշինյանի նշեց, որ այդ վնասվածքը վերեւից ներքեւ ուղղություն ունի, իսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա են գտնվել, հետեւաբար չէին կարող լինել կրակոցի հեղինակը։
Գ. Կոստանյանը վստահեցրեց, որ գործը քննելիս ապահովվել է օբյեկտիվություն ու բազմակողմանիությունը: Ըստ նրա` դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է, այստեղ տարաձայնություն լինել չի կարող, վնասվածքների համարակալումն էլ պայմանական է. «Դա էլ է միանշանակ, թե ովքեր են կրակել, տեսագրության եւ ձայնագրություն մեջ հստակ լսվում եւ երեւում են բոլոր կրակոցները, թե քանիսն է եղել, որ զենքից է եղել, դա եւս հստակ է»։
Կոստանյանի խոսքով՝ նախաքննությունն ընթացել է բարձր աստիճանի օբյեկտիվ, տրվել են իրավական գնահատականներ, հերքվել է տուժողի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկ։ «Տեսանյութում 23.02-րդ րոպեին Ավետիք Բուդաղյանը կանգնած է մեքենայի մոտ, եւ այդ խումբը գտնվում է նրա կողքին, այդ պահին գալիս է Արտակ Բուդաղյանը, զենքով դուրս է գալիս մեքենայից։ Այդ պահից բոլորն իրենց վարքագիծը կազմակերպում են զինված անձի վարքագծի համաձայն։ Անկախ նրանից, թե հասարակության այս կամ այն հատվածն ինչ վերաբերմունք ունի այս կամ այն գործի նկատմամբ, դա չի կարող նախաքննական մարմնի գործունեության վրա ազդեցություն ունենալ։ Որոշումը չի կարող կայացվել այս կամ այն անձի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի հիման վրա»,- պարզաբանեց Կոստանյանը:





























