Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է «Բարեւ Երեւան» դաշինքի կողմից բարձրացված հարցը եւ կարող է նշել, որ «Բարեւ Երեւան» դաշինքի նկարագրված երեւույթները օրենքի իմաստով չեն հանդիսանում հակամրցակցային համաձայնություն, եւ խնդիրը չի գտնվում ՀՀ ՏՄՊՊՀ կարգավորման դաշտում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
«Քանի որ, ՀՀ օրենսդրության համաձայն, բարձրացված հարցը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի կարգավորման դաշտում, ապա, Հանձնաժողովը դիմումը կից գրությամբ ուղարկել է քաղաքապետարան, ինչի մասին գրավոր տեղեկացրել է նաեւ Բարեւ Երեւան դաշինքին»,- ասաց Գ. Սահակյանը:
Ավելի վաղ «Բարեւ Երեւան» դաշինքը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կասկածներ կան, որ ուղեւորափոխադրող ընկերությունները համաձայնեցված են գործում ուղեւորավարձը բարձրացնելու գործընթացում:





























