Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ազգային ժողովում հարց է ուղղել Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Գեւորգ Կոստանյանին զինծառայող Արտակ Նազարյանի գործով: Պատգամավորը շեշտեց, որ հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ ասում են, որ Արտակ Նազարյանի զենքում 120 հատ փամփուշտ է եղել, եւ բոլորն էլ տեղում են եղել, պակաս փամփուշտ չի եղել, ինչպե՞ս կարող էր ինքնասպան լինել:
Ւսկ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ գործը վճռաբեկ դատարանում է. «Ամբաստանյալները, ինքնասպանության հասցնողները անազատության մեջ են: Փաստը, որ տեղում են եղել փամփուշտները, հստակ չեմ կարող ասել, բայց դեպքի վայրից հայտնաբերվել է պարկուճը, որն իրականում կրակվել է այդ զենքից եւ այդ պարկուճի գնդակը խոցել է տուժողին, դա միանշանակ է: Եթե պնդում են, որ այլ հանգամանքներ ունեն, ես հրապարակային հրավիրել եմ փաստաբանին, քննիչին, հարազատներին եւ տվել եմ սպառիչ պատասխան»,- նշեց Գեւորգ Կոստանյանը:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, անդրադառնալով Գեւորգ Կոստանյանի պատասխանին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միանշանակ է, Գեւորգ Կոստանյանը ակնհայտորեն խուսափեց պատասխան տալ 120 փամփուշտների՝ մահից առաջ եւ մահից հետո առկայության փաստին, այսինքն չկարողացավ հիմնավորել, թե ինչպես է ստացվել, որ Նազարյանը ինքնասպան է եղել սեփական զենքով, բայց 121-րդ փամփուշտով, «չկար դրա պատասխանը եւ դրա բացատրությունը»։
Ինչ վերաբերում է զինդատախազի մատնանշած պարկուճին, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում, Ծովինար Նազարյանը նշեց, որ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ենթրակված պարկուճները բոլորովին այլ համարներ ունեն։ «Ես կարող եմ բացատրել կամ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։ Քննիչը իր իսկ խոստովանությամբ, դեպքի վայրում իբրեւ թե կատարել է փորձնական կրակոցներ, որի արդյունքում էլ ստացվել է Արտակ Նազարյանի զենքից կրակված պարկուճը, որն էլ ենթարկվել է փորձաքննության»,- ասաց նա։
Ծովինար Նազարյանը շեշտեց, որ երեք տարի է՝ պնդում են, որ տեղի ունեցածը սպանություն է եւ անազատության մեջ գտնվող անձանց կապը եղբոր մահվան հետ ապացուղված չէ, «կատարվածը սպանություն է, իսկ մարդասպանները դրսում են, այդ հարցին նույնպես խուսափեց պատասխանել Կոստանյանը՝ ձեւացնելով, թե կան ամբաստանյալներ, բայց այդպես չէ, մարդասպանները դրսում են, նրանք բանակում են: «Մեհրաբներ» զորամասում կամ գուցե այլ տեղ եւ շարունակում են սպառնալիք մնալ մեր զինծառայողների համար»,- նշեց Ծովինար Նազարյանը։
Ինչ վերաբերում է Կոստանյանի՝ սպառիչ պատասխաններ տալու հայտարարությանը, ապա Ծովինար Նազարյանը մեկնաբանեց, որ 2011թ Գեւորգ Կոստանյանը մի հանդիպում հրավիրեց Ժաննա Ալեքսանյանի եւ «Հայլուրի» մասնակցությամբ, հրավիրել էր նաեւ տուժող կողմի փաստաբանին, քննիչին, դատախազին։ «Դա քննարկում չէր, Կոստանյանը գռեհիկ ձեւով ընդհատում էր ինձ ամեն անգամ, թույլ չէր տալիս փաստեր ներկայացնել, փաստեր ներկայացնելիս հայտարարում էր, թե ես էմոցիոնալ հայտարարություն եմ անում՝ անտեսելով իմ ներկայացրած փաստերը, քանի որ հակափաստարկներ չուներ, ինչի արդյունքում ես թողեցի եւ լքեցի իր կաբինետը։ Բազմիցս մենք անդրադարձել ենք այդ թեմային՝ ասելով, որ ոչ միայն բավարարված չենք Կոստանյանի բացատրություններից, այլեւ շատ դժգոհ ենք հանդիպման արդյունքներից, բայց Կոստանյանը ներկայացնում է, թե ինքը հրավիրել է, պարզաբանել է, սպառիչ պատասխաններ է տվել։ Եթե նա սպառիչ պատասխաներ է տվել, հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք Վճռաբեկ բողոք ներկայացրել, այն պարագայում, որ առաջին ատյանում եւ Վերաքննիչում ուղղակի նոտարակքն կնիք են դրել Կոստանյանի գլխավորությամբ դատարան բերված մեղադրական եզրակացության վրա։ Եթե այսքան համարձակ էր եւ կարող էր սպառիչ պատասխաններ տալ, թող սպառիչ պատասխաններ տար Բագրատյանի հարցին՝ 120 փամփուշտը տեղում մնալով Նազարյանը ո՞նց կարող էր ինքնասպան լինել»,- ասաց Ծովինար Նազարյանը։
Նա նշեց, որ դեռեւս Վճռաբեկ ուղարկված բողոքից պատասխան չեն ստացել, «բայց երեւի Կոստանյանը տեղյակ է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել»։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Ս. Մարդանյանի նախագահությամբ, կայացրել էր դատավճիռ՝ հինգ ամբաստանյալներին՝ Արտակ Նազարյանի նախկին ծառայակիցներին մեղավոր ճանաչելով նրանց մեղսագրվող արարքների համար, որոնք ըստ զինդատախազության եւ դատավորի գնահատման, Ա. Նազարյանին «հասցրել են ինքնասպանության»: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, եւ 2 տարվա ազատազրկման՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան:
Արտակ Նազարյանը մահացել էր 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ Արտակ Նազարյանին սպանել են, իսկ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:





























