Ազատամարտիկ, Ազատության հրապարակում ազատամարտիկների բողոքի ակցիաների ակտիվ մասնակից եւ օրեր առաջ ՊՊ քննչական ծառայության կողմից կալանավորված Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաեւ ինչ որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը:
Այդպես էի մտածում, որովհետեւ համոզված էի եւ այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն արժանապատիվ կյանքով չեն ապրում, եթե անտեսված են ու մոռացված, ուրեմն վտանգված է նաեւ պետականությունը:
Ուստի մեր պայքարը, սոցիալական լինելով հանդերձ, խորքում ազգային-պետական արմատներ ունի եւ այդ պատճառով շատ ավելի քաղաքական է, քան, օրինակ, կուսակցությունների գործունեությունը եւ միջկուսակցական պայքարը:
Պայքարի սկզբում ես եւ իմ ընկերները գիտակցում էինք, որ պետական համակարգն արատավոր է: Միեւնույն ժամանակ, հույս ունեինք, որ ազատամարտիկների` փողոց ու հրապարակ իջնելը կսթափեցնի օրվա կառավարիչներին եւ նրանք կսկսեն համապատասխան քայլեր ձեռնարկել:
Զինծառայության ավելի քան երկու տասնյակ տարիների ընթացքում շատ բան էի տեսել, բայց չէի պատկերացնում, որ պետական համակարգը հասել է քայքայման ու ինքնափլուզման շեմին: Ամիսներ շարունակ հակառակ կողմից առնչվելով պետական համակարգի եւ նրա բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հասկացա, որ նրանք չեն ճանաչում, չեն ընդունում եւ չեն հարգում մեր պետականությունը եւ այն կրող մարդկանց` ազատամարտիկներին: Եվ դա անում են գիտակցաբար` հանուն իրենց անձնական ու խմբակային շահերի: Քանի որ նրանց եւ մեր պետականության ու ժողովրդի շահերն իրար հակասում են:
Ինձ համար այլեւս փաստ է, որ մենք չունենք ազգային պետություն: 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել: Այն, ինչ այսօր կոչում են պետություն, իրականում մեր ժողովրդին կեղեքող ու մեր պետականությունը կործանող մի համակարգ է, որը նման է իր տակի ճյուղը կտրող մարդու: Եթե նրա ձեռքը չբռնենք, բոլորս միասին կործանվելու ենք: Իսկ այդ ձեռքը կարող ենք բռնել միայն ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելով եւ ազգային պետություն կառուցելով:
Այս մասին վերջին շրջանում բազմիցս բարձրաձայնել եմ եւ արդեն պատրաստվում էի հանդես գալ պայքարի սոցիալական դրոշը ազգային-պետական բնույթի քաղաքականով փոխարինելու նախաձեռնությամբ: Մտադիր էի իմ աջակցությունը հայտնել Նախախորհրդարանին, քանի որ նա է պարզել ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելու եւ հայկական պետություն կառուցելու դրոշը:
Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչեւ հաղթանակ:
Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին եւ մեր ժողովրդին` ոչ մի դեպքում չնահանջել եւ միանալով ազգային-ազատագրական պայքարին`իրականություն դարձնել ազգային պետության կառուցման մեր երազանքը»:





























