Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 30-ին ստացվել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:
Փաստաթուղթը գաղտնի է՝ մինչեւ խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկումը դրա տեքստը չի հրապարակվելու: Վաղը այն կքննարկվի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
Մինչ այդ, «Ազատություն» ռադիոկայանին մի բարձրաստիճան հանրապետականից հայտնի է դարձել, որ համաներումը տարածվելու է ինչպես 2011 թվականի օգոստոսից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, այնպես էլ վերջերս կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վրա:
Տիգրան Առաքելյանը անցած տարի 6 տարվա ազատազրկման է դատապարտվելխուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, իսկ Վոլոդյա Ավետիսյանը այս ամիս ձերբակալվել, ապա կալանավորվել է խարդախության մեղադրանքով:
Ավետիսյանը վերջին շրջանում ազատամարտիկների կողմից անցկացվող բողոքի ակցիաների նախաձեռնողներից է, այդ ակցիաները սկիզբ առան Երեւանի Ազատության հրապարակում նրա նստացույցից:





























