Հարցազրույց կորպորատիվ զբոսաշրջության ոլորտում մասնագիտացող «Իվենթ Սոլուշընզ Ընդ Ինսենթիվս» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Եղիշե Թանաշյանի հետ:

Պրն Թանաշյան, կորպորատիվ զբոսաշրջային փաթեթը կարելի է՞ Հայաստանի համար նոր պրոդուկտ համարել:

Զբոսաշրջության այս տեսակը Հայաստանում թափ է հավաքում արդեն 4-5 տարի, սակայն որպես պրոդուկտ վաղուց կար: Մեր ընկերությունը նախկինում էլ զբաղվում էր կոնֆերանսների կազմակերպմամբ, իսկ մոտ 5 տարի առաջ ռեբրենդինգ իրականացրեցինք եւ մտանք միջազգային շուկա; Նպատակն է՝ կորպորատիվ զբոսաշրջության շրջանակներում տարբեր երկրներից խմբերի ներգրավումը Հայաստան եւ միջազգային մեծ սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպումը Հայաստանում: Դա կոչվում է MICE  tourism (Meetings-Incentive-Conferences-Events բառերի հապավումն է): Այսինքն՝ հանդիպումների, գործուղումների, կոնֆերանսների եւ ցուցահանդեսների կազմակերպում;

Եւ՝ ի՞նչ հաջողություններ ունեք:

Մեր հիմնական շուկան, իհակե, Ռուսաստանն է, որտեղ ունենք մեծ հաջողություններ եւ համագործակցում ենք ռուսական խոշոր ընկերությունների հնետ: Սակայն մենք նոր շուկաներ ենք ներխուժում, թեեւ Հայաստանը դեռեւս շատ հայտնի չէ: Հիմա ավելի շատ մարկետինգային փուլում ենք, մեր ենթակառուցվածքները բավականաչափ զարգացած չեն, ուղղակի փորձում ենք հարմարվել; Միջազգային մեծ կոնֆերանսների կազմակերպման առումով կա որոշակի քաոսայնություն. տարբեր ընկերություններ աշխատում են այս ուղղությամբ, սակայն մենք դրանցում մտցնում ենք զբոսաշրջության տարր, որն ավելի պահանջարկված է: Այս տարի մտել ենք լեհական շուկա, մեկ շաբաթ առաջ Հայաստան եկավ լեհական կորպորատիվ մի խումբ: Մեծ հետաքրքրություն կա Արեւելքից՝ Հնդկաստան, Սինգապուր, Ինդոնեզիա, Հոնկոնգ: Երեք շաբաթից Սինգապուրում կմասնակցենք iTV-Asia մեծ ցուցահանդեսին, որը ոչ միայն զբոսաշրջության, այլեւ կորպորատիվ զբոսաշրջության ցուցահանդես է: Այն փակ է բնաչության համար, միայն պրոֆեսիոնալներին ես ցուցադրում պրոդուկտը: Իսկ նոյեմբերին արդեն 5-րդ անգամ, ընդ որում՝ երկրորդ տարին անընդմեջ առանձին տաղավարով, կմասնացենք աշխարհի ամենամեծ EIBTM կորպորատիվ զբոսաշրջության ցուցահանդեսին, որը ինչպես միշտ տեղի է ունենալու Բարսելոնայում: Մեծ սպասումներ ունենք իսպանական ու արգենտինական շուկաներից;

Այս շուկայում ունե՞ք լուրջ մրցակիցներ:

Շուկայում միակը չենք, ունենք մրցակիցներ, սակայն մենք 17 տարի է՝ այս շուկայում ենք: Կան լավ մրցակիցներ, ինչն օգնում է պրոդուկտը ավելի հղկել, ավելի հետաքրքիր դարձնել: Սակայն կա նաեւ ոչ առողջ մրցակցություն, գնային դաշտի արհեստական իջեցում, որն այս շուկային բնորոշ չէ; Սա այն շուկան է, որ հնարավոր է ավելի թանկ վաճառել: Հայաստանը թանկ է զանգվածային զբոսաշրջության համար, այդ պատճառով կորպորատիվ զբոսաշրջությունն ավելի հարմար է, քանի որ ավելի մեծ բյուջե ունի: Մենք անառողջ մրցակցությունը հաղթահարում ենք որակի բարձրացման հաշվին:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ունենք զբոսաշրջային այցելությունների քանակային աճ: Սակայն կա արդյո՞ք որակական աճ:

Ստանդարտ մշակութային խմբային զբոսաշրջությունում որակական աճ կա, սակայն սպասումներն ավելի մեծ են: Ենթակառուցվածքներն ամբողջությամբ չեն հարմարվում տուրօպերատորներին, որոնք վերջին շրջանում ավելի մեծ պահանջարկ են վայելում; Նկատի ունեմ թանգարանների ժամային գրաֆիկները, որեւէ հետաքրքիր վայրում որեւէ հետաքրքիր միջոցառում կազմակերպելը: Երբեմն հերթեր են գոյանում, այցելությունը չեղյալ ենք համարում: Հիմա հոկտեմբերն է, ունենք 100% ծանրաբեռնվածություն, ու արդեն իսկ կա զբոսավարների ու տրանսպորտի սակավություն: Եթե զբոսաշրջությունն այս տեմպերով զարգանա, պետք է նաեւ այդ ուղղությամբ մտածել:

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը