Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի եւ խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոեւի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհավորել է հյուրերին խուլերի միջազգային օրվա կապակցությամբ եւ նշել, որ հատկապես վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանի եւ խուլերի միավորման միջեւ սերտ համագործակցություն է ձեւավորվել, ինչի վկայությունը կյանքի կոչված մի շարք ծրագրերն ու համաքաղաքային ծրագրերին խուլերի միավորման անդամների ակտիվ մասնակցությունն է: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ մշտական աջակցության համար՝ Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն ու հանդիպմանը ներկա ռուսական «Թվային տեխնոլոգիաներ համրերի համար» ընկերության նախագահ Օլեգ Լիպստրը ներկայացրել են Ռուսաստանի մի շարք երկրամասերում ներդրված մի ծրագիր, որի շնորհիվ համր մարդիկ տեսահեռախոսների միջոցով կարողանում են հաղորդակցվել ժեստերի լեզվով, իսկ հատուկ հարմարեցված տերմինալների միջոցով հնարավորություն է ընձեռվում հաղորդագրություններ ուղարկել օպերատորին եւ, անգամ գտնվելով անծանոթ քաղաքում, տեղեկություններ ստանալ մատուցվող այս կամ այն ծառայության կամ հարցի շուրջ:
Խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոեւը վստահեցրել է, որ ներդրված համակարգը մեծ արդյունավետություն ունի եւ զգալիորեն հեշտացրել է խուլ ու համր քաղաքացիների կյանքը: Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ծրագրի տեխնիկական եւ մյուս բաղադրիչները`առաջիկայում Երեւանում նմանատիպ դիսպետչերական կենտրոն հիմնելու համար: Ռուսական պատվիրակության անդամներն էլ տեղեկացրել են, որ Մոսկվայում հայ օպերատորների վերապատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ռուսական կողմը:
Հանդիպման ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները մշտապես պատրաստ են աջակցել խուլ եւ համր մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը եւ շարունակական ծրագրերի միջոցով նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրելուն:





























