Ազգային ժողովի արժանապատվությունը կախված է պատգամավորներից, եւ յուրաքանչյուր գերատեսչությունում լինում են աշխատանքային թերացումներ: Բայց չի կարելի չարախոսել Աղվան Հովսեփյանի հասցեին, մանավանդ որ նա արդեն այդ պաշտոնը չի զբաղեցնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին խորհրդարանում գլխավոր դատախազի թեկնածության քննարկումների ընթացքում հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ կառույցում առկա խնդիրներից հարկ է խոսել այն ժամանակ, երբ դրա ղեկավարը պաշտոնավարում է. «Ինձ համար անհասկանալի են հայտարարությունները, երբ ասում են, դուք լավն եք, բայց մենք դեմ կքվեարկենք, քանի որ ձեր թեկնածությունն առաջարկել է նախագահը»:

Աբրահամյանը նաեւ հույս է հայտնել, որ խորհրդարանը սերտ կհամագործակցի գլխավոր դատախազության հետ, ինչն էլ կհանգեցնի օրենքի գերակայություն՝ այս կամ այն պաշտոնյայի երեխաներին թույլ չտալով լինել «առանձնահատուկ»: «Եթե խորհրդարանն  ընտրի Գեւորգ Կոստանյանին, դա չի նշանակի, թե նա պարտական է լինելու խոսնակին կամ այս կամ այն պատգամավորին: Եվ ես հնարավոր եմ համարում այն, որ անձը կարող է փոխել համակարգը»:

Աբրահամյանը նաեւ նշել է, որ շատ գոհ է գլխավոր դատախազի թեկնածությունից, հավելելով, որ նրա թեկնածությունը քննարկելիս նեգատիվ հստակ փաստարկ չի նշվել:  «Նրա հասցեին միայն մաղձ հնչեց, եւ դա միայն այն պատճառով, որ նրա թեկնածությունն առաջարկել է նախագահը»: