Ադրբեջանում նախագահական ընտրությունների հանդեպ հետաքրքրություն չի նկատվում, հոկտեմբերի 1-ին հեռուստակամուրջի միջոցով հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը, որը միացել է Երեւանում Ադրբեջանի նախագահական ընտրությունների առթիվ կազմակերպված քննարկումներին:
«Ադրբեջանի նախագահի թեկնածուների գրանցումն ուղեկցվել է ճնշումներով: Իլհամն Ալիեւն ամենաառաջին էր գրանցվել, իսկ մյուսների մոտ փաստաթղթային խնդիրներ ծագեցին», - նշել է Յունուսովը: Ըստ նրա՝ թեկնածուների համար շատ բարդ է բնակչության հետ շփվելը, ավելին, դա թույլ չի տալիս ոստիկանությունը: Սա հանգեցրել է բնակչության թույլ տեղեկացվածությանը, եւ նախագահական ընտրությունների հանդեպ հետաքրքրվածությունը մարել է:
Քաղաքագետը նշել է, որ առաջատար թեկնածուներ են համարվում Իլհամն Ալիեւն ու Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի միասնական ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին:





























